ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քաղաքականության մեջ հաղթում են նրանք, ովքեր հաշվարկում և գործում են նախաձեռնողաբար

Քաղաքականության մեջ հաղթում են նրանք, ովքեր  հաշվարկում և գործում են նախաձեռնողաբար
24.06.2025 | 14:13

Հայաստանի ներկայիս կառավարիչների ողորմելի արտաքին քաղաքականությունը վեր է ածվել «ցանկացած գնով խաղաղության» աղերսանքի, իսկ Բաքուն միջազգային ասպարեզում ոչ միայն բացահայտորեն է խոսում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի մասին, այլև իսլամական երկրների հավանությանն է արժանացնում այն: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս աշխարհաքաղաքական դոկտրինը ուղղված է Հայաստանի ամբողջ տարածքի անեքսիայի իրագործմանը, այսինքն, Հայաստանի՝ որպես պետության, կլանմանը։

Ստեղծված իրավիճակում մենք պարտավոր ենք քարոզել հանրությանը՝ դուրս գալ ինքնախաբեության ռեժիմից և անցնել ռազմավարական մտածողության: Այս առումով, անհրաժեշտ է ամրագրել մի քանի հիմնարար քաղաքական դիրքորոշում-տեսլականներ։

Նախ, Ադրբեջանը արհեստական և արհեստածին քաղաքական միավոր է, որը ձևավորվել է ոչ թե օրգանական էթնոքաղաքական էվոլյուցիայի արդյունքում կամ այդպիսի գործընթացի ընթացքում, այլ ստեղծվել է արտաքին կայսերական ուժերի կողմից՝ վարչական միջամտության շրջանակներում: Այս պետությունը կառուցված է բնիկ ժողովուրդների ինքնության ճնշման և հայատյացության՝ որպես պետական գաղափարախոսության մշակման վրա։ Հետևաբար, Ադրբեջանը ներսից փլուզվելու պատմական հեռանկարը բավականին իրատեսական է։

Երկրորդ, Ադրբեջանի ներսից փլուզման հեռանկարը ուտոպիա չէ, այլ քաղաքական հավանականություն: Նման հեռանկարի բոլոր նշանները ակնհայտորեն առկա են՝ ներքին էթնիկ տարբերակումներ ու զտումներ, կառավարման ավտորիտար համակարգ, երկրի ներսում ինքնորոշման իրավունքի համակարգային ժխտում, ամենամեծ էթնիկ միավորի՝ արցախահայության հանդեպ ցեղասպանական գործողությունների իրագործում, իշխանության իրական լեգիտիմության լիակատար բացակայություն սեփական ժողովրդի աչքում և այլն։

Երրորդ, պետք է հստակորեն տարբերակել «թշնամական պետություն» և «թշնամական ժողովուրդ» հասկացությունները։ Ադրբեջանը բացահայտ թշնամի երկիր է, որն ակնհայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, բայց դա չի դարձնում լեզգիներին, թալիշներին, ավարներին, ռութուլներին, թաթերին, ցախուրներին և այլ բնիկ ժողովուրդներին թշնամական, որոնց Բաքուն տասնամյակներ շարունակ արգելել է խոսել իրենց մայրենի լեզվով, գրել սեփական պատմությունը կամ պահպանել իրենց մշակութային և քաղաքական սուբյեկտայնությունը։

Հետևաբար, այս ժողովուրդների հետ կապերի հաստատումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը ոչ միայն բարոյական համերաշխության հարց է, այլև երկարաժամկետ ռազմավարության տարր։ Նրանց ձգտումը դեպի մշակութային ինքնավարություն, պատմական ինքնագիտակցություն և երկարաժամկետ հեռանկարում՝ քաղաքական ինքնորոշում, բնական գործընթաց է, որը պետք է խթանվի տեղեկատվական, գիտական, մշակութային, մարդու իրավունքների միջազգային և մարդասիրական համագործակցության միջոցով։ Այս քաղաքականության իրագործումը հնարավորություն է ստեղծում նաև արցախահայության հիմնարար իրավունքների իրագործման խնդիրը դյուրինացնելու տեսանկյունից։

Ակնհայտորեն, այսօրվա իշխանությունների օրոք, այսպիսի ռազմավարական նպատակներ սահմանելն ու դրանց իրագործմանն անցնելը իրատեսական չէ։ Սա ապագայի հարց է։ Բայց հիմա է, որ մենք պետք է խոսենք, քննարկենք և հիմքերը դնենք։ Որովհետև քաղաքականության մեջ հաղթում են ոչ թե նրանք, ովքեր արձագանքում են, այլ նրանք, ովքեր հաշվարկում և գործում են նախաձեռնողաբար։

Բացի այդ, մեր պատմական առաքելությունը Հայոց Բարձրավանդակում և Հարավային Կովկասում կայունություն, անվտանգություն և արդարություն հաստատելն է, հետևաբար, մենք իրավունք չունենք անտարբեր մնալ այն գործընթացների նկատմամբ, որոնք այսօր արդեն տեսանելիորեն հասունանում են Ադրբեջանի ներսում։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 105

Մեկնաբանություններ